«Ժառանգության» վարչության նիստում նախագահ է ընտրվել Արմեն Մարտիրոսյանը: Սուսաննա Մուրադյանն ընտրվել է վարչության փոխնախագահ, «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ քաղաքական խորհրդի պատասխանատու: Վանիկ Ալեքսանյանը կշարունակի կատարել վարչության քարտուղարի, Անդրանիկ Գրիգորյանը՝ միջազգային հարցերով գլխավոր քարտուղարի, Գևորգ Ղահրամանյանը՝ խոսնակի պարտականությունները:
«Ես համոզված եմ և հավատացած, որ նոր ղեկավարության ներքո «Ժառանգությունը» կշարունակի Հայաստանին և հայությանը ծառայելու իր առաքելությունը` հետապնդելով մեր իրավունքները, ինքնիշխանությունը և կենսական ազգային շահերը»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մենք «Ժառանգություն»-ում լավ գիտենք համեստության, մարդկայնության ու հայրենիքի իմաստը, և մեր քաղաքացի-հայրենակիցները թող վստահ լինեն, որ եթե մենք իսկապես ցանկանանք՝ ազատության և արդարության մեր որոնումն ի վերջո անպայման կհաղթանակի»,- հայտարարել է Արմեն Մարտիրոսյանը: